Հայ-թուրքական կարգավորման խնդիրներն այնքան բուռն հասարակական ռեզոնանս են առաջացրել, որ դրան անդրադարձել են անգամ աշխարհագրորեն ու թեմայից այնքան հեռու գտնվող երկրներ, ինչպիսիք են Թայվանն ու Տրինիդադ եւ Տոբագոն:

Այսպես Թայվանի Taiwan News կայքը, մասնավորապես արագ արձագանքել է նախօրեին կայացած ՀՅ Դաշնակցության հանրահավաքին, եւ արդեն այսօր գրում է.

«Ավելի քան 2000 հոգի ցույց են արել Երեւանի կենտրոնում՝ Թուրքիայի հետ մեկ դարից ավել տեւող թշնամությունից հետո հարաբերությունների հաստատման դեմ: Ցուցարարները պահանջել են խորհրդարանում չվավերացնել հայ-թուրքական արձանագրությունները»:

Այնուհետ աղբյուրը նշում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտություն կա Լեռնային Ղարաբաղի պատճառով, եւ անգամ ընդգծում է, որ Երեւանը Անկարայից պահանջում է ճանաչել այն, ինչ «իրենք անվանում են 1915թ. ցեղասպանություն»:

Trinidad & Tobago Express կայքն իր հերթին այսօր հոդված է հրապարակել հայ-թուրքական մերձեցման վերաբերյալ, որում նշել է, թե 20-րդ դարասկզբին Թուրքիայում հայերի զանգվածային սպանդ է տեղի ունեցել: «Ողջ աշխարհի հայերը հրաժարվում են հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, քանի դեռ նա չի ճանաչել 20-րդ դարասկզբի դեպքերը, որ հայերն անվանում են Ցեղասպանություն»,- ասված է պարբերականում:

Այդուհանդերձ, կայքը նշում է, որ Հայաստանն ու Թուրքիան հաշտության գործընթաց են սկսել, ինչը դժգոհություն է առաջացրել երկու երկրների ազգայնականների, եւ հատկապես հայկական Սփյուռքի մեջ: «Ցավոք, Սփյուռքի դիրքորոշումը, թե Թուրքիայի հետ հարաբերություններ պետք է հաստատել միայն Ցեղասպանության ճանաչումից հետո, տարբերվում է Հայաստանի հայերի կարծիքից, որոնց համար սահմանների բացումը առաջնային խնդիր է: Հայ ժողովրդի թշվառությունն ու մեկուսացվածությունը բերել է նրան, որ հանրապետության բնակչության քառորդ մասը արտագաղթել է արտերկիր»,- գրում է աղբյուրը: Այսպես, հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված իրավիճակը, եւ այն, որ հայ-թուրքական արձանագրությունները չեն նախատեսում «Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների» վերադարձ Ադրբեջանին, կարելի է եզրակացնել, որ նախագահ Սերժ Սարգսյանը լավ գործարք է կնքել իր համար: