Միսուրիի բնակիչը, որը 1978 թվականին դատապարտվել էր եռակի սպանության համար եւ բանտարկվել ավելի քան 42 տարի, արդարացվել եւ ազատ է արձակվել, հայտնում է BBC-ն։

62-ամյա Քեւին Սթրիքլենդը 18 տարեկանում ձերբակալվելու պահից պնդել է, որ ինքն անմեղ է։ Նա 1979 թվականի հունիսին է դատապարտվել։

Սա նահանգի պատմության մեջ ամենաերկար անօրինական բանտարկությունն է, բայց Միսուրի նահանգի օրենսդրությամբ նա դժվար թե որեւէ ֆինանսական փոխհատուցում ստանա: Ազգային արդարացման ռեգիստրի տվյալներով, որը հաշվառել է 1989 թվականից հետո արդարացման դատավճիռները, սա նաեւ յոթերորդ ամենաբարձր անիրավաչափ դատավճիռն է Միացյալ Նահանգներում:

15 487 օր ազատազրկումից հետո դատավորը հրամայել է կալանքից անհապաղ ազատ արձակել Սթրիքլենդին:

Համաձայն Midwest Innocence նախագծի, Միսուրին փոխհատուցում է վճարում միայն ԴՆԹ-ի ապացույցների, այլ ոչ թե ականատեսների վկայությունների հիման վրա արդարացված բանտարկյալներին:

Սթրիքլենդը ցմահ ազատազրկման էր դատապարտվել՝ առանց 50 տարվա ընթացքում պայմանական վաղաժամկետ ազատվելու հնարավորության՝ կապված 1978 թվականի ապրիլի 25-ին Կանզաս Սիթիում տեղի ունեցած սպանությունների հետ:

Այդ գիշեր չորս հանցագործներ կրակել եւ սպանել էին տանը գտնվող երեք մարդու՝ Շերի Բլեքին, Լարի Ինգրեմին եւ Ջոն Ուոքերին:

Չորրորդ զոհը՝ Սինթիա Դուգլասը, ողջ էր մնացել՝ մեռած ձեւանալով։ Սթրիքլենդը ձերբակալվել էր նրա քրոջ զուգընկերոջ ցուցմունքի հիման վրա։ Սթրիքլենդը ոստիկաններին ասել էր, որ ինքը տանը հեռուստացույց դիտելիս է եղել այդ ժամանակ։ Ոչ մի իրեղեն ապացույց երբեք չի կապել նրան հանցագործությունների հետ: