Քիշնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը լավատեսության հիմքեր չի տալիս, քանի որ հայկական կողմը հանկարծ սկսել է քննարկել հարցեր, որոնք համաձայնեցված են եղել դեռ երկու-երեք տարի առաջ: Այդ մասին հոկտեմբերի 16-ին «Թրենդ նյուզին» հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Մենք հասկանում ենք, որ կա կանոն՝ քանի համաձայնեցված չէ ամբողջը, համաձայնեցված չէ ոչինչ, բայց հնարավոր չէ առաջ շարժվել, երբ վերադառնում ես ետ եւ սկսում քննարկել առաջարկներ կամ գաղափարներ, որոնք առնվազն երկու-երեք տարի առաջ են համաձայնեցվել: Դա, իհարկե, հիասթափություն է առաջացնում»,- նշել է Մամեդյարովը եւ հավելել, թե հանդիպման կառուցողական լինելու մասին խոսք լինել չի կարող:
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի կարծիքով՝ հայկական կողմի նման գործողությունները «կապված են տարածաշրջանում վերջին դեպքերի՝ հայ-թուրքական մերձեցման հետ»:
Հիշեցնենք, որ, մեկնաբանելով իր ադրբեջանցի գործընկերոջ հետ քիշնեւյան հանդիպումը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե բանակցությունների առարկա է եղել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ եւ վերջնական կարգավիճակը: Մինչդեռ, երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե բանակցային գործընթացում «անգամ 100 տարի անց, Լեռնային Ղարաբաղի անկախության հարցը չի էլ քննարկվելու»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ շարունակում են պնդել, թե հանդիպումը կառուցողական է եղել:




























