Այսօր՝ հոկտեմբերի 17-ին կայանալիք բռնցքամարտի Արթուր Աբրահամ — Ջերմեյն Թեյլոր մենամարտում ֆավորիտը հայազգի բռնցքամարտիկն է:

Բուքմեյքերները գրեթե չեն կասկածում նրա հաղթանակին: Այսպես, «Վիվարո» բուքմեյքերական գրասենյակը խաղադրույքներ է ընդունում Արթուր Աբրահամի հաղթանակի համար 1,31 գործակցով, իսկ Թեյլորի հաղթանակի համար՝ 3,1 գործակցով: Ոչ-ոքին, ըստ «Վիվարոյի» մասնագետների, գնահատվել է 20 գործակցով:

Մեկ այլ՝ «Տոտո», գրասենյակը Աբրահամի հաղթանակի համար սահմանել է 1,32, Թեյլորի հաղթանակի համար 3,22 գործակից։ Ոչ-ոքին գնահատվում է 21 գործակցով:

Միջազգային խոշորագույն «Վիլյամ Հիլլ» գրասենյակը նույնպես Աբրահամի հաղթանակը գնահատել է 1,3 գործակցով, իսկ Թեյլորի օգտին 2,4 գործակից է սահմանել:

Հիշեցնենք, որ կեսգիշերին մոտ Բեռլինի Սամշտադ մարզահամալիրում սկսվելու է բռնցքամարտի The SuperSix գերմրցաշարի շրջանակներում կայանալիք Արթուր Աբրահամ — Ջերմեյն Թեյլոր մենամարտը: Նշենք, որ միջին քաշային կարգի վեց բռնցքամարտիկներ երկու տարվա ընթացքում մրցելու են իրար հետ՝ ի հայտ բերելու լավագույնին: