Ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովայի այցը Հայաստան այսօր հետաձգվել է մասնավոր ինքնաթիռի շարժիչի անսարքության պատճառով, որով երգչուհին պետք է Երեւան թռչեր Նովոսիբիրսկի Տոլմաչեւո օդանավակայանից։

Ինչպես հայտնում է MIGnews-ը, անսարքությունը հայտնաբերվելուց հետո Պուգաչովան հրաժարվել է թռչել այդ ինքնաթիռով եւ պահանջել է փոխել այն։ Շուտով օդանավակայան է հասցվել մեկ այլ ինքնաթիռ։

«Մոսկովյան երկինք» ավիաընկերության վաճառքի գծով տնօրենի խոսքով, Ալլա Պոգաչովան այդ ինքնաթիռով Երեւան է մեկնել տեղական ժամանակով 12։00-ին։

Ինչպես հայտնել էր NEWS.am-ը, հռչակավոր երգչուհին հրավիրված է եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ձեռնարկատեր Գագիկ Ծառուկյանի դստեր եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու հարսանիքին։ Որոշ տվյալներով, հարսանիքի հյուրերին կզվարճացնեն նաեւ Լյուբով Ուսպենսկայան եւ Ադրիանո Չելենտանոն։