Սպորտային աշխարհում եւ ոչ միայն, մեկ անգամ չէ, որ խոսվել է աստղաբաշխական գումարների մասին, որոնք ծախսում են որոշ ակումբներ տրանսֆերային գործարքների վրա։ Խոսքը, հիմնականում, Մադրիդի «Ռեալի» մասին է, որի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտնի է նրանով, որ չի ափսոսում փողեր ծախսել սուպերաստղեր ձեռք բերելու համար։ Այս ամենը, բնական է, չի կարող անհանգստություն եւ անգամ զայրույթ չառաջացնել այլ գրանդերի ղեկավարների եւ մարզիչների մոտ, ովքեր «աճուրդների» ժամանակ չեն կարող իրենց նման բան թույլ տալ։
Զայրացածներից մեկն էլ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնն է։
«Կարծես ոչ ոք անհանգստացած չէ նրանով, ինչ կատարվում է։ Իդեպ, կարելի է հարց տալ՝ ինչի՞ կբերի այս ամենը։ Չէ՞ որ ակումբներին տնտեսական թմբիր է սպառնում, որ ներկայումս ամբողջ աշխարհն է ապրում»,- հայտարարել է Ֆերգյուսոնը։
Նշենք նաեւ, որ շոտլանդացի մասնագետը թոշակի անցնելու մասին չի էլ մտածում՝ ասելով, որ իր թիմը երիտասարդ է եւ ինքն ուզում է տեսնել, թե ինչպես է նա «հասունանում»։



























