Ադրբեջանն իր հակաթուրքական գործողություններով փորձում է պարտադրել Թուրքիային, որ վերջինս չանտեսի Բաքվի շահերը, բայց դա արատավոր մոտեցում է եւ միայն կբարդացնի ադրբեջանա-թուրքական հարաբերությունները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների ֆուտբոլային հանդիպման օրն Ադրբեջանը Ռուսաստանի հետ գազային պայմանագիր կնքեց, որն ակնհայտորեն հակասում էր Թուրքիայի շահերին: Իսկ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, թե Թուրքիայի հետ գազի տարանցման բանակցություններ անցել են ապարդյուն: բայց հակաթուրքական ակցիաների գագաթանակետն այսօր՝ հոկտեմբերի 17-ին Բաքվում Շահիդների ծառուղուց թուրքական դրոշները հանելու փաստն էր:
Մինչեւ ո՞ւր կհասնի հակաթուրքական հիստերիան Ադրբեջանում. NEWS.am-ի հարցին Մանվել Սարգսյանը պատասխանեց. «Իմ կարծիքով կարող է շատ խորանալ, որովհետեւ Ադրբեջանն այս տարիներին իր հաջողությունները փորձել է կապել Թուրքիայի օգնության հետ, եւ, բնական է, հայ-թուրքական մերձեցման գործընթացում մեծ վտանգներ է տեսնում: Շատ հայտարարություններ են եղել, եւ Ռուսաստանի հետ դիվանագիտական եւ տնտեսական խաղերն ուղղակի դար շարուանակությունն են»,- նշեց փոձագետն ու հավելեց. «Կարծում եմ՝ ինչ-որ կերպ փորձում են ազդել Թուրքիայի խորհրդարանի անդամների վրա, որ նրանք շարունակեն Լեռնային Ղարաբաղի հարցը որպես նախապայման դնել հայ-թուրքական հարաբերություններում»:
Այնուամենայնիվ, Մանվել Սարգսյանը չի կարծում, թե նման քաղաքականությունը տեղին եւ օգտակար է Ադրբեջանի համար: «Որովհետեւ այս պրոցեսը շատ ավելի խորն է, շատ ավելի մեծ հետաքրքրություն է առաջցնում գերտերությունների, նույն Ռուսաստանի մոտ: բայց Ադրբեջանն այլ ճար չունի»,- նկատեց փորձագետն ու հավելեց. «Ադրբեջանը կփորձի ամեն ինչ անել, բայց դա շուռ կգա հենց իր դեմ: Իրենք պիտի փորձեն անկախ քաղաքականություն վարել, բայց փորձել ստիպել Թուրքիային, որ վերջինս իր ազգային շահերը մի կողմ դնի եւ զբաղվի իրենով, սա ինքնին արատավոր մոտեցում է, եւ դա միայն կբարդացնի Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները»:




























