ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլաթերը օրերս հայտարարել է, թե ֆուտբոլային գլխավոր մարմինը մտադրված է հետաքննել, թե ինչ է տեղի ունեցել Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքում, Ուրուգվայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ ընտրական փուլի մրցախաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Հիշեցնենք, որ մամուլի ասուլիսի ընթացքում Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ՝ Դիեգո Մարադոնան կոպիտ է արտահայտվել իր երկրի ԶԼՄ-ների վերաբերյալ, ընդ որում՝ անպատշաճ խոսքերով եւ արտահայտություններով։ Մարզական լրագրողները աշխարհի առաջնության ողջ ընտրական փուլի ընթացքում քննադատում էին Դոն Դիեգոյին՝ կասկածի տակ դնելով նրա հեղինակությունը։
Ինչ վերաբերում է Բլաթերին, ապա նա ասել է. «Այն հաղորդագրությունները, որոնք մենք ստանում ենք, մեզ ընտրություն չեն թողնում։ Մենք ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեին պետք է խնդրենք, որ հետաքննական գործ սկսեն ընդդեմ Դիեգո Արմանդո Մարադոնայի»։
Նշենք նաեւ, որ Մարադոնան չի զղջացել իր արարքի համար։



























