Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի ջրամբարում հուլիսի 11-ի երեկոյան խեղդված 16-ամյա Հովհաննես Մատինյանի հետ պատահածի մասին ի հայտ են գալիս նոր մանրամասներ: Նա գյումրեցի էր, հայրը արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան եւ երկար ժամանակ նրանից լուր չկա, մայրն աշխատում է ռեստորաններից մեկում `որպես մատուցողուհի:

Դեպքի օրը Հովհաննես Մատինյանն ընկերների հետ մեկնել  է Վահրամաբերդ հանգստանալու, փորձել է լողալ ջրամբարում, բայց խեղդվել է, քանի որ ինչպես փրկարարներն են ասում, լողալ չի կարողացել:

Դեռահասները Գյումրիից Վահրամաբերդ գնացել են տաքսի մեքենայով, մեքենայի վարորդին էլ են հրավիրել «մի կտոր հաց ուտելու»: Հետո վարորդի փոխանցմամբ, հանվել են ու մտել ջուրը: «Հովհաննեսը ամենավերջինը մտավ, քանի որ ասում էր լողալ չգիտի: Ես էլ ասացի. «Այ տղա, որ լողալ չգիտես մի մտի ջուրը», բայց ինձ չլսեց»,- նշել է վարորդը:

Մի քանի րոպե հետո տեսել են, որ  Հովհաննեսը խեղդվում է: Ընկերներից մեկը հասել է օգնության, բայց չի կարողացել փրկել: Ահազանգել են Շիրակի մարզի փրկարարական վարչություն: Խեղդված Հովհաննեսի դին դուրս են բերել կեսգիշերին`ժամը 01:00-ից հետո: Նախնական տվյալների համաձայն, տղան խեղդվել  է ջուրը մտնելուց  մի քանի րոպե հետո: Հավանաբար նա արդեն մահացած է եղել, երբ  ընկերը փորձել է օգնել նրան: