Քաղաքակիրթ քաղաքական մշակույթ ձեւավորելու մասին առաջին անգամ խոսել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեռեւս 2009-ին եւ երբ այսօր այդ մասին խոսում են երկրի իշխանությունները, ԲՀԿ-ն միայն ողջունում է դա: Այս մասին հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով նույնպես ընդգրկված է ՀԱԿ-ի հետ երկխոսելու նպատակով իշխանությունների ստեղծված աշխատանքային խմբում:

«Գագիկ Ծառուկյանը դեռեւս 2009թ-ի փետրվարին` ԲՀԿ-ի համագումարում է ասել, որ ժամանակն է քաղաքական նոր մշակույթ ձեւավորել, պետք չէ թշնամանքով վերաբերվել միմյանց, պետք է ստեղծել հնարավորություններ, որ ժողովրդի մի հատվածը մյուսի նկատմամբ թշնամանք չցուցաբերի, դա անընդունելի է»,- նշել է Զոհրաբյանը:

Հարցին, թե ինչի՞ մասին են երկխոսելու աշխատանքային խումբն ու ՀԱԿ-ի պատվիրակությունը, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանել է, որ քննարկումների օրակարգը ձեւավորվելու է ընթացքում, խոսելու են երկրի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից: NEWS am-ի այն հարցին, թե  քննարկվելո՞ւ է արդյոք արտահերթ ընտրությունների թեման, Նաիրա Զոհրաբյանն արձագանքել է. «Ոչ: Կարծում եմ, որ մենք խոսելու ենք ողջախոհ խնդիրներից: Բոլորս էլ հասկանում ենք, որ արտահերթ ընտրությունների հարցը լուրջ չէ»,-ասել է Նաիրա Զոհրաբյանը: