«Հին Էրիվան Հոլդինգը» ոչ մի պարտք չունի «Յունիբանկին» եւ պատշաճ կերպով ամեն ամիս վճարել է պարտքերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հին Էրիվան Հոլդինգի» սեփականատեր, գործարար Մանվել Տեր-Առաքելյանը` անդրադառնալով լրատվական կայքերից մեկի հրապարակմանը, ըստ որի` «խոշոր պարտքերը մարելու դիմաց Մանվել Տեր-Առաքելյանը «Յունիբանկում» գրավ է դրել «Հին Էրիվան» ռեստորանային համալիրը», «բանկը պատրաստվում է աճուրդի հանել այն» եւ այժմ Մանվել Տեր-Առաքելյանը դատական քաշքշուկների մեջ է:

«Ինձ պատկանող ռեստորանը խլելու մտաղացումը «Յունիբանկինն» է, քանի որ այդ բանկի ախորժակը շատ մեծ է: Այդտեղ հավաքվել են ոչ բանիմաց մարդիկ եւ պատվեր են ստացել` ինչ-ինչ ճանապարհներով տիրանալ իմ գույքին: Մենք 2006 թվականից աշխատում ենք «Յունիբանկի» հետ` նրանց վարկառուներից ենք, եւ այս չորս տարիների ընթացքում այդ բանկը շատ ոտնձգություններ է կատարել, որպեսզի հասնի իր նպատակին: Կյանքը ցույց տվեց, որ այն վարում է զավթողական քաղաքականություն. բիզնեսը ֆինանսավորում է ոչ այն նպատակով, որ այն ծաղկի, այլ որ գցի ծուղակն ու տիրանա վարկադրված գույքին»,-հայտարարեց Տեր-Առաքելյանը: Նրա պնդմամբ` հիշյալ բանկի ղեկավարությունը բազմիցս առաջարկել է իրեն «Հին Էրիվանի» շենքը վերածել բանկի, սակայն մերժվել է:

«Ուստի նրանք ամեն գործիք օգտագործում են` ռեստորանին տիրանալու համար»,-նկատեց NEWS.am-ի զրուցակիցը: Նրա խոսքով` «Յունիբանկի» կողմից «Հին Էրիվան»-ը խլելու մտադրությունն իրականություն չի դառնա, քանի որ. «Ես յուրաքանչյուր ամիս պատշաճ կերպով բանկին վճարում եմ սահմանված գումարը եւ ոչ մի րոպե անգամ չեմ ուշացրել վճարումը: Մինչդեռ բանկը վարկ վերցնելու հետ կապված ամբողջ գործարքը կատարել է փաստաթղթային կեղծմամբ: Ես կարող եմ այսօր իսկ վճարել ամբողջ պարտքն ու դուրս գալ «Յունիբանկից», սակայն դա չեմ անում լոկ այն բանի համար, քանի որ իրավական պետությունում ենք ապրում եւ դատական կարգով վիճարկել ենք այդ կեղծիքները»:

Թե ինչ կեղծիքների մասին է խոսքը` Տեր-Առաքելյանը նպատակահարմար չգտավ այս պահին հայտարարել` խոստանալով այդ մասին առավել մանրամասն հայարարություն անել առաջիկա օրերին:

Նա նաեւ ընդգծեց, որ լրատվական կայքը, որ տպագրել է «Հին Էրիվանի» հետ կապված վերոնշյալ տեղեկությունը, վնասում է իր գործարար համբավին, քանի որ Հոլդինգն այս պահին բանակցություններ է վարում արտասահմանյան ընկերություններից մեկի հետ`Հայաստան ներկրելու նոր ֆրենչայզինգ-բրենդ: Շատ հնարավոր է, որ տպագրված նյութը խոչընդոտի բանակցությունների դրական ելքին: Ուստի, Մանվել Տեր-Առաքելյանի հավաստմամբ` իր փաստաբանները նյութեր են նախապատրաստում` հիշյալ լրատվական կայքին դատի տալու համար, «քանի որ կայքը պատվեր է կատարում»: