ՀՀ իշխանություններն առաջարկել են պարզեցնել օտարերկրյա ներդրողներին լիցենզիաներ տրամադրելու ընթացակարգը, որը ենթադրում է վայրի բնության հետ չառնչվող գործունեության իրականացում։ Այս մասին դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը։

Նրա խոսքով՝ ընթացակարգի պարզեցումը ենթադրում է, որ տվյալ հարցը կառավարության քննարկմանը չի ներկայացվի։ 

«Այս պարզեցումը նախատեսված է այն ընկերությունների համար, որոնք արդեն ունեն նման գործունեություն իրականացնելու լիցենզիա կամ թույլտվություն՝ տրված ԵՏՄ անդամ երկրներից մեկում՝ ԵՄ-ում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Չինաստանում, Հարավային Կորեայում, Իրանում կամ Վրաստանում»,-պարզաբանեց Իսպիրյանը։

Նա նաեւ հավելեց, որ նմանատիպ կարգավորում կիրականացվի 13 տեսակի գործունեության, այդ թվում՝ ճանապարհաշինության համար։ «Սակայն այս կարգավորումը համաչափ բնույթ կկրի։ Այսինքն՝ հայկական ընկերությունները հետագայում նույն պայմաններով հնարավորություն կունենան մասնակցել նման ծրագրերի նշված երկրներում։ ԵՏՄ-ի հետ համապատասխան պայմանավորվածությունը գրեթե ձեռք է բերվել։ Վերոնշյալ ցուցակի մնացած երկրների հետ բանակցությունները կսկսվեն փոփոխությունների ընդունումից հետո»,-ասաց փոխնախարարը։