Նախօրեին Բրազիլիայի ոստիկանության եւ տեղի թմրավաճառների միջեւ խոշոր բախում է տեղի ունեցել Ռիո դե Ժանեյրոյում։ Քաղաքի հյուսիսային ծայրամասում թմրավաճառների հրոսակախմբերի հետ բախման ժամանակ խփվել է մի ուղղաթիռ, որի մեջ եղել են 6 ոստիկաններ։ Միջադեպի հետեւանքով, ինչպես հաղորդում է Բի Բի Սի-ն, զոհվել են երկու ոստիկաններ, չորսը՝ վիրավորվել են։ Ըստ աղբյուրի, օդում խփված ուղղաթիռը իրականացրել է հանցավոր երկու խմբավորումների դեմ ոստիկանական զանգվածային գործողության պաշտպանություն։ Սակայն երբ իրավապահները փորձել են գրոհով վերցնել թմրավաճառների հենակայանը, վերջիններս կատաղի դիմադրություն են ցույց տվել։
Փոխհրաձգության հետեւանքով զոհվել է 12 մարդ, մոտ 10-ը վրավորվել են։
Ոստիկանության ուշադրությունը շեղելու եւ հատուկ գործողության անցկացմանը խոչընդոտելու համար հանցագործները նաեւ հրդեհել են 10 ավտոբուս։
Մինչդեռ, թմրավաճառների գործողություններին կոշտ պատասխան է նախատեսվում արդեն այսօր։ Ինտերֆաքսի տվյալների համաձայն, քաղաք են բերվել լրացուցիչ 3500 ոստիկաններ։
Ռիո դե Ժանեյրոյում, որը ընդամենը 2 շաբաթ առաջ ընտրվեց 2016 թվականի օլիմպիական խաղերի անցկացման վայր, հանգստյան օրերին հանցավորության կտրուկ աճը խուճապ է առաջացրել քաղաքի բնակչության շրջանում,- հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։




























