Կոսովայի անկախության հարցը չի հաջողվի լուծել առանց Սերբիայի կարծիքի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ սերբական «Երեկոյան նորություններ» թերթին տված հարցազրույցում։ «Չնայած Կոսովոյի անկախության պաշտպանների այն որպես անդառնալի գործընթաց ներկայացնելու ջանքերին, այդ հարցը փակել չի հաջողվի։ Կարծում ենք, որ անհրաժեշտ է քայլ առ քայլ ապացուցել, որ իրավական ամենաթողությանն այլընտրանք այնուամենայնիվ կա։ Եվ առանց Սերբիայի վերջին խոսքի՝ ոչ ոք չի կարող պնդել, թե իբր Կոսովայի հարցը լուծված է»,- հայտարարել է Մեդվեդեւը,- հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Ըստ Ռուսաստանի նախագահի, հարցի կարգավորմանն իր մասնակցությունը երկիրը կառուցում է սերբ գործընկերների հետ վաղուց համաձայնեցված բանաձեւով. «նախաձեռնությունը՝ Բելգրադինն է, իսկ մենք հետեւողականորեն աջակցում ենք նրան»։ Մեդվեդեւի կարծիքով, նման մոտեցումը լիովին արդյունավետ է։

Նշենք, որ Ռուսաստանի նախագահը պաշտոնական այցով Բելգրադ է այցելելու վաղը՝ հոկտեմբերի 20-ին։