Այսօր Ուկրաինայում սկսվում է նախագահական ընտրությունների քարոզարշավը: Նախագահի թեկնածուներ առաջադրելու ժամկտը հոկտեմբերի 20-ից մինչեւ նոյեմբերի 6-ն է: Նախընտրական քարոզարշավը կտեւի մինչեւ 2010 թվականի հունվարի 15-ը, իսկ հունվարի 17-ին ժամը 8-20-ը տեղի կունենա քվեարկությունը: Քվեարկության արդյունքները կամփոփվեն հունվարի մինչեւ 27-ը եւ եռօրյա ժամկետում կհրապարակվեն «Ուկրաինայի ձայն» եւ «Կառավարական սուրհանդակ» թերթերում:

Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից 3 օր հետո նորընտիր նախագահը պետք է ստանձնի իր պարտականությունները: Ընտրություններին մասնակցելու մտադրություն են հայտնել 10 քաղաքական գործիչներ, որոնցից ամենից բարձր վարկանիշ ունի «Տարածաշրջանների կուսակցության» առաջնորդ Վիկտոր Յանուկովիչը, որի օգտին, ըստ հարցման արդյունքների, պատրաստ են քվեարկել ընտրողների 30 տոկոսը: 20 տոկոսը պաշտպանում է երկրի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի թեկնածությունը:

Ուկրաինայի խորհրդարանի նախկին խոսնակ Արսենի Յացենյուկի օգտին պատրաստ են իրենց ձայնը տալ ուկրաինացիների 10 տոկոսը: Էլ ավելի քիչ աջակցություն ունեն կոմունիստ Պյոտր Սիմոնենկոն, մեծահարուստ Սերգեյ Տիգիպկոն, խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Լիտվինը, պաշտպանության նախկին նախարար Անատոլի Գրիցենկոն, սոցիալիստ Վալենտին Սեմենյուկը: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն նույնպես մտադիր է առաջադրվել ընտրություններում, չնայած նրան պաշտպանում է ընտրողների 3 տոկոսը: