Դեկտեմբերի 24-ին կայանալու է Վանաձորի ավագանու անդրանիկ նիստը: Նախօրեին բաշխել են Վանաձոր խոշորացված համայնքի նորընտիր ավագանու 33 անդամների մանդատները։
Նշենք, որ ավագանու 33 անդամից 4–ը ինքնաբացարկ էր ներկայացրել, որից 3-ը՝ «Քաղաքացիական պայմանագրից», մեկը՝ «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունից։ ՔՊ–ից ինքնաբացարկ հյտնածներից մեկը մարզպետ Արամ Խաչատրյանն է:
Ավելի վաղ NERWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 5–ին Վանաձորի ավագանու ՏԻՄ ընտրություններում 10 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել էր 5-ը։ Առաջատար է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը» (15 մանդատ), երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է (9 մանդատ), երրորդում` «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը (5 մանդատ), իսկ չորրորդ եւ հինգերրորդ տեղերը զբաղեցնում են «Հայրենիք» (2 մանդատ), եւ «Ապրելու երկիր» (2 մանդատ) կուսակցությունները:
Դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Մամիկոն Ասլանյանը մեղադրանքը չի ընդունում, ըստ նրա պաշտպանի՝ Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։





























