Գիտնականները Գլոսթերշիր կոմսության Քոթսվոլդս շրջանում հայտնաբերել են դամբարան, որը կարելի է անվանել աշխարհի ամենահին տոհմածառը։ Հազլթոն Նորթ կոչվող վայրում գերեզմանը մոտ 5700 տարեկան է։ Մասնագետների կարծիքով՝ սա Մեծ Բրիտանիայի ամենալավ պահպանված նեոլիթյան դամբարաններից մեկն է։ Այս մասին գրում է «Աշխարհի շուրջը» ճանաչողական պորտալը՝ հղում անելով The Guardian-ին։
Մնացորդների ԴՆԹ անալիզը թույլ է տվել պարզել, որ գերեզմանում գտնվում են մեծ ընտանիքի հինգ սերունդների ոսկորներ։ Ընդհանուր առմամբ՝ հայտնաբերվել է 35 մարդու մնացորդ, որոնցից 27-ը կենսաբանական ազգականներ են։ Նրանց մեծ մասը սերում է չորս կանանցից, որոնց երեխաները նույն տղամարդուց են։ Ընդ որում, հանգուցյալները թաղվել են այն կանանց հետն, որոնցից նրանք ծնվել են։
«Երբ նրանք կառուցել են այս դամբարանները եւ որոշել են, թե ում թաղեն դրանց մեջ, իհարկե, ընտրել են մարդկանց, ովքեր առաջին անգամ այնտեղ թաղվածների մերձավոր ազգականներն են եղել։ Նրանք մտերիմ հարաբերություններ են ունեցել իրենց անմիջական նախնիների հետ, որը տեւել է մի քանի սերունդ»,- նշել է հետազոտողներից մեկը՝ Նյուքասլի համալսարանից (Մեծ Բրիտանիա) Քրիս Ֆաուլերը:





























