Մյունխենի տեխնիկական համալսարանի գիտնականները պարզել են, որ Ալպերում գտնվող Մատերհորն լեռը մոտ երկու վայրկյանը մեկ ետ ու առաջ է շարժվում, հայտնում է «Իմ մոլորակը» պորտալը՝ հղում անելով Daily Mail-ին։
Մասնագետները տեղադրել են մի քանի սեյսմաչափեր, որոնցից ամենաբարձրը գտնվում էր գագաթից անմիջապես ներքեւ՝ ծովի մակարդակից 4470 մ բարձրությամբ։ Լեռան լանջին գտնվող չափիչ կայանը ծառայել է որպես կողմնորոշիչ։ Ցանցի սենսորներից յուրաքանչյուրը կարգավորվել է այնպես, որ ավտոմատ կերպով փոխանցի ցանկացած լեռնային տեղաշարժի գրառումները Շվեյցարական սեյսմոլոգիական ծառայությանը:
Սեյսմոլոգները պարզել են, որ Մատերհորնը տատանվել է 0,42 Հց հաճախականությամբ ինչպես հյուսիս-հարավ, այնպես էլ արեւելք-արեւմուտք ուղղություններով: 80 անգամ արագացնելով վիբրացիաները՝ գիտնականները Մատերհորնի վիբրացիաները վերածել են այնպիսի ալիքներով աուդիոճանապարհի, որոնք մարդը կարող է լսել:
Միջին հաշվով Մատերհորնի շարժումը շատ աննշան է եւ հաշվարկվում է նանոմետրերով եւ միկրոմետրերով: Սակայն լեռան գագաթին տատանումները 14 անգամ ավելի ուժեղ են, քան ստորոտին։ Պատճառն այն է, որ գագաթն ի վիճակի է ավելի ազատ շարժվել, մինչդեռ լեռան ստորոտը ֆիքսված դիրքում է՝ ինչպես քամուց օրորվող ծառը։ Հողի շարժման ուժեղացումը տարածվում է երկրաշարժերի ռիսկի վրա, ինչը ուժեղ սեյսմիկ ազդեցությունների դեպքում կարող է կարեւոր լինել լանջերի կայունության համար:
Մատերհորնը գտնվում է Շվեյցարիայի եւ Իտալիայի միջեւ սահմանին, լեռան բարձրությունը 4478 մ է: Այն ունի ուշագրավ քառանիստ բրգի ձեւ, որի պատերը ուղղված են դեպի երկրի կողմերը: Վերելքի բարձր տեխնիկական բարդության պատճառով Մատերհորնը դարձել է Ալպերի վերջին նվաճված խոշոր լեռնագագաթներից մեկը:





























