Մասնագետներն իրականացրել են James Webb աստղադիտակի հետագծի ճշգրտման երեք պլանային մանեւրներից մեկը, այն ուղեծիր է դուրս բերվել շաբաթ օրը։ Այս մասին ասվում է ԱՄՆ աերոնավտիկայի եւ տիեզերական տարածքի հետազոտման ազգային վարչության (NASA) հայտարարությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ Արեւելյան ափի ժամանակով ժամը 19.50-ին սկսվեց միջանկյալ ճշգրտման գործողությունը։ Այն տեւել է 65 րոպե եւ այժմ ավարտված է»,- նշել են ԱՄՆ տիեզերական վարչությունում։ Այնտեղ հավաստիացրել են, որ շարժիչների այս միացումը «երկու փուլերից մեկն է, որոնց անցկացման համար ժամանակը վճռական դեր է խաղում, առաջինը արեւային մարտկոցների վահանակների բացումն էր, որը տեղի է ունեցել արձակումից շատ չանցած»։

NASA-ում նշել են, որ մանեւրն օգնել է «ճշտել Webb-ի հետագիծը Երկրից 1 մլն մղոն (մոտ 1,5 մլն կմ) Լագրանժի երկրորդ կետ ուղղությամբ»։ Սպասվում է, որ դեպի նշված կետ ուղին կտեւի մոտ չորս շաբաթ։

Աստղադիտակը շաբաթ օրը ուղեծիր էր մտցվել Ariane 5 կրիչ հրթիռի օգնությամբ։ Արձակումը կատարվել է Ֆրանսիական Գվիանայում գտնվող Կուրու տիեզերակայանից։ Աստղադիտակը NASA-ի, Եվրոպական տիեզերական գործակալության եւ Կանադայի տիեզերական գործակալության համատեղ նախագիծն է։

Աստղադիտարանում տեղադրված է 6,5 մ տրամագծով հայելի, որն ամենամեծն է ուղեծիր երբեւէ դուրս բերվածներից։ James Webb-ի օգնությամբ ուսումնասիրվելու են տիեզերքում հնագույն աստղերն ու գալակտիկաները, որոնք առաջացել են Մեծ պայթյունից հետո, ինչպես նաեւ փնտրելու են կյանքի համար օգտակար մոլորակներ։ Դրա գործարկման ժամկետը 10 տարի է։