Ճապոնիայի կառավարությունը մտադիր է գաղտնիացնել այն տեխնոլոգիաների տեղական պատենտները, որոնք կարող են օգտագործվել օտարերկրյա պետությունների կողմից ռազմական նպատակներով։ Այս մասին կիրակի, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել է Nikkei թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Խոսքը, մասնավորապես, միջուկային եւ քվանտային տեխնոլոգիաների մասին է։ Այս տեխնոլոգիաներն ստեղծողները նաեւ չեն կարողանա այլ երկրներում այդ պատենտները գրանցելու հայտ ներկայացնել։ Փաստաթղթերը գաղտնիացնելով՝ Ճապոնիայի կառավարությունը կփոխհատուցի այն շահույթը, որը կարող էին ստանալ պատենտն ունեցողները արտոնագրման 20-ամյա շրջանում։ Այս կերպ Ճապոնիայի իշխանությունները հույս ունեն կանխել զգայուն տեղեկատվության արտահոսքն արտասահման։
Սպասվում է, որ համապատասխան նորմն ուժի մեջ կմտնի 2023 ֆինանսական տարում (սկսվում է 2023թ. ապրիլից)։





























