LG-ն արտոնագրել է երկու լրացուցիչ էկրանով դյուրակիր համակարգիչ, հայտնել է MySmartPrice-ը։
Կորեական ընկերության գյուտը հայտնաբերվել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) տվյալների բազայում։ Ստեղծված նախատիպը, բացի հիմնականից, ունի երկու լրացուցիչ էկրան՝ տեղակայված ստեղնաշարի երկու կողմերում։ Բացի այդ, այս էկրանները գործում են որպես սենսորային վահանակ՝ կուրսորի կառավարման եւ նոթբուքի գործառույթների համար:
Նկարներից դատելով՝ երեք էկրաններով նոթբուքը տարբերվում է ստեղնաշարի եւ հիմնական էկրանի միջեւ ազատ հատվածի առկայությամբ: Լրագրողները կարծում են, որ կորեացի մասնագետները ցուցադրել են սարքի վաղ նախատիպը. հավանաբար ապագայում այդ հատվածում հնարավոր կլինի տեղավորել մեկ այլ էկրան, սենսորային վահանակ կամ հզոր աուդիո համակարգ:
Կոնցեպտուալ գաջեթի մեկ այլ տարբերակիչ հատկանիշը հատուկ հարմարանքն է, որը բարձրացնում է սարքի հետեւի մասը, երբ նոութբուքը բաց է: Սա բարելավում է սարքի օդափոխությունը:
Հայտը ներկայացվել է 2020 թվականի հունիսին, սակայն WIPO-ի մասնագետները հաստատել եւ հրապարակել են արտոնագիրը միայն 2021 թվականի վերջին։





























