Սպորտը ոչ միշտ է առողջություն։ Պատմությունը շատ դեպքեր գիտի, երբ տարբեր մրցումների ժամանակ կանգ է առել մարզիկների սիրտը եւ նրանցից շատերին չի հաջողվել փրկել։ Հերթական ողբերգությունն է տեղի ունեցել կիրակի օրը ամերիկյան Դեթրոյթ քաղաքում կայացած մարաթոնյան վազքի ժամանակ։ Այստեղ վախճանվել են միանգամից երեք վազորդներ։
36-ամյա Դենիել Լենգդոնն ընկել է 11-րդ ու 12-րդ մղոնների միջեւ ընկած հատվածում առավոտյան ժամը 9։02-ին, նրանից հետո ժամը 9։17-ին այդ նույն շրջանում ընկել է 65-ամյա Ռիկ Բրաունը։ Իսկ 26-ամյա Ջոն Ֆենլոնը մահացել է՝ անցնելով վազքուղու կեսը։
Ինչպես հավաստիացնում են մրցավազքի կազմակերպիչները, իրենք ձեռնարկել են համապատասխան բոլոր միջոցները՝ պարտադրելով մասնակիցներին ներկայացնել առողջական վիճակի մասին տեղեկանք եւ նախապես խորհրդակցել բժիշկների հետ։ Իսկ հենց մարաթոնի անցկացման վայրում հերթապահել են առնվազն 6 բուժանձնակազմեր։
Ճակատագրի հեգնանքով, ըստ լեգենդի, Ֆիդիպիդ (այլ աղբյուրներով՝ Ֆիլիպիդ) անվամբ հույն զինվորը մեր թվականությունից առաջ 490 թվականին Մարաթոնի մերձակայքում տեղի ունեցած ճակատամարտից հետո առանց կանգ առնելու Մարաթոնից վազել է մինչեւ Աթենք, որպեսզի հայտնի հույների հաղթանակի մասին։ Վազելով մինչեւ Աթենք, նա հասցրել է բղավել. «Ուրախացե՛ք, աթենացիներ, մենք հաղթել ենք» եւ ընկել է մեռած։



























