Հայաստանն ու հայ ժողովրդին փորձում են վերադարձնել անցյալ դար: Այս մասին դեկտեմբերի 30-ին «Հայելի» մամուլի կենտրոնին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավարի խոսքով՝ երկիրն այժմ ղեկավարում է մարդ, ով ամեն կերպ առաջ է մղում թուրքական շահերը։

«Այդ մարդու որոշումները եւ նրա վարած քաղաքականությունը Հայաստանը Թուրքիայի դե ֆակտո վասալն են դարձնում։ Այն թեզերը, որոնք ձեւակերպեց եւ առաջ քաշեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ի ասուլիսի ժամանակ, նույնիսկ ադրբեջանական դիվանագիտությունը չի կարողացել ձեւավորել նախորդ 30 տարիների ընթացքում։ Այսինքն՝ նույնիսկ ադրբեջանցի դիվանագետներին չի հաջողվել նման բացատրություն տալ բանակցային ողջ գործընթացի եւ դրա որոշ կետերի վերաբերյալ։ Սա, հավանաբար, պայմանավորված էր այն մտավախությամբ, որ իրենց մտքերը կարող էին պարզունակ, հիմար եւ դատարկ թվալ: Ադրբեջանցի դիվանագետներն անհանգստանում էին, որ դրանք կարող են ծաղրի առարկայի վերածվել»,- պարզաբանեց Ղազարյանը։

Հայաստանի Սահմանադրական դատարանի նախկին ներկայացուցիչը նշեց, որ կրթված մարդիկ, նույնիսկ` բուն Ադրբեջանում, չեն շտապում խոսել այն մասին, որ Ղարաբաղը կարող է Ադրբեջանի մաս դառնալ, հատկապես երբ խոսքը միջազգային հարթակների մասին է:

«Բայց այն մարդիկ, ովքեր չունեն կրթություն, փորձ, հեղինակություն, ոչնչով չսահմանափակված, անպատասխանատու, հիմար, անպիտան մարդիկ կարող են իրենց նման բան թույլ տալ։ Հասարակության համար ամենավտանգավորը պատասխանատվության զգացումից զուրկ պաշտոնյան է: Նա կարող է ինչ ասես դուրս տալ` ցանկացած միտք, քանի որ, ինչպես ժողովուրդն է ասում, «այդպիսի մարդկանց լեզվի տակ ոսկոր չկա»,- ասաց Ղազարյանը՝ մեկնաբանելով ՀՀ կառավարության ղեկավարի սկանդալային հայտարարությունները։