Ավելի քան 150 կմ երկարությամբ փշալարից պատնեշ է տեղադրվել Լիտվա-Բելառուս սահմանին, հայտնել է Լիտվայի խորհրդարանի ազգային անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Լաուրինաս Կասչյունասը:
Նրա խոսքով՝ Բելառուսի հետ Լիտվայի ամբողջ սահմանը, որի երկարությունը կազմում է շորւջ 680 կմ, 2022 թվականի աշնանը պաշտպանված կլինի արգելապատնեշով եւ կհամալրվի տեսահսկման համակարգերով:
Լիտվան Բելառուսի հետ սահմանին որոշել է կառուցել 4 մետր բարձրությամբ ստացիոնալ պատնեշ մետաղյա ցանցից, որի վրա տեղադրված է սրածայր փշալար: Պատնեշի դիմաց տեղադրվում է 3 մետր բարձրությամբ փշալարից լրացուցիչ լար:
Փշալարով պատնեշի տեղադրման աշխատանքների արժեքը կազմել է 152 միլիոն եվրո: Լիտվան հույս ունի ստանալ այդ հարցում աջակցություն ԵՄ կողմից, սակայն Բրյուսելում հայտարարել են, որ չեն ֆինանսավորում արգելապատնեշների կառուցումը:





























