ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւը, որը հավանություն է տվել Իրանի հետ 2015թ. միջուկային գործարքի կնքմանը, Թեհրանին չի արգելում զբաղվել տիեզերական հետազոտություններով, այդ թվում արբանյակների արձակմամբ, ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ  Սայիդ Խաթիբզադեն, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել էր Իրանինց «Սիմուրգ» տիեզերական հրթիռի արձակման պատճառով, որը պետք է ուղեծիր հասցներ երեք հետազոտական բեռ։ Փարիզը հայտարարել էր, որ այդ արձակումը չի համապատասխանում ՄԱԿ ԱԽ 2231 բանաձեւին, ինչպես նաեւ ափսոսանք էր հայտնել, որ արբանյակի արձակումը չի համընկել այն ջանքերի հետ, որոնք նախաձեռնվում են Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների առաջընթացի համար։

«Հակառակ արեւմտյան երկրների հայտարարությունների՝ ոչ մի բանաձեւ չի արգելում Իրանին տիեզերական հետազոտություններ եւ համապատասխան փորձարկումներ կատարել, այդ թվում արբանյակների եւ կրիչ հրթիռների ասպարեզում»,- Tasnim գործակալությունը մեջբերում է Խաթիբզադեի խոսքերը։

Երկուշաբթի օրը Վիեննայում մեկնարկել է ԳՀՀԾ վերականգնման եւ Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկման բանակցությունների ութերորդ ռաունդը։ Դեկտեմբերին յոթերորդ ռաունդի ընթացքում կողմերը համաձայնագրի երկու նախագծի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, որոնցում եվրոպական կողմը ներառել է նաեւ Իրանի դիրքորոշումը։ Հինգշաբթի Վիեննայի բանակցությունները դադարեցվել են ամանորյա տոների առիթով։ Կողմերի երկխոսությունը կվերսկսվի հունվարի 4-ին։