Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ուրբաթ, Կորեայի կառավարող Աշխատանքային կուսակցության Կենտրոնական կոմիտեի ամփոփիչ լիագումար նիստի օրը, 2021 թվականն անվանել է «հպարտ հաղթանակների տարի»՝ նշելով մի շարք տնտեսական նվաճումների մասին, տեղեկացրել է «Նոդոն սինմուն» թերթը։
«Ընկեր Կիմ Չեն Ընը հպարտությամբ 2021-ն անվանել է հպարտ հաղթանակների տարի, որը պետք է նշել ազգային բարգավաճման պատմության մեջ, եւ ձեւակերպել է ազգային վերածննդի նոր կողմնորոշիչները»,- ասվում է հաղորդագրությունում։
Աշխատանքային կուսակցության Կենտրոնական կոմիտեն իր զեկույցում, իր հերթին, նշել է, որ ակտիվորեն փնտրում եւ ներդնում է տնտեսության կայունացման մեթոդներ ծայրահեղ պայմաններում՝ նկատի ունենալով համավարակն ու սահմանների փակում նախատեսող գործող միջոցները։ Փաստաթղթում նշվում է, որ դա օգտակար է երկրի ինքնուրույն տնտեսական զարգացմանը։
Միեւնույն ժամանակ, նիստում նաեւ հայտարարություն է հնչել Կորեական թերակղզում աճող անկայունության մասին։ «Առավել սաստկացող անկայուն միջազգային իրադրությունը եւ իրավիճակը Կորեական թերակղզու շուրջ պահանջում են, որպեսզի ազգային պաշտպանության պոտենցիալի ամրապնդումը տեղի ունենա ավելի եռանդուն, առանց որեւէ հետաձգման»։
Թերթի հրապարակած նյութերի համաձայն՝ պլենումի նիստում հայտարարություններ չեն արվել հրթիռամիջուկային ծրագրի զարգացման, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին։



























