Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից: «Այն, որ ես ՌԴ քաղաքացի եմ, Վրաստանում մի շարք լրատվամիջոցների ու ընդդիմության սիրած թեման է, բայց ուղիղ կասեմ, որ ես չեմ պատրաստվում հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից եւ չեմ նեղվում դրանից»,- լրագրողներին հայտարարել է նախարարն ու հավելել. «ՌԴ քաղաքացիությունն ինձ համար անհարմարություններ չի ստեղծում: Եթե ես անհրաժեշտ համարեմ, ապա կհրաժարվեմ ՌԴ քաղաքացիությունից, բայց դա կլինի իմ անձնական որոշմամբ, այլ ոչ թե ինչ-որ մեկի կողմից քննադատության ազդեցության տակ»:
Ավելի վաղ, լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Վրաստանի իշխանությունները ըննդիմության պահանջով եւ ԱՄՆ առաջարկով, իբր, մտադիր են ազատել Վաշաձեին զբաղեցրած պաշտոնից, քանի որ «այնքան էլ չեն վստահում նրան, որովհետեւ դառնալով Վրաստանի ԱԳ նախարար, նա այդպես էլ չհրաժարվեց ՌԴ քաղաքացիությունից եւ չվերադարձրեց իր Վրաստանի քաղաքացիությունը»:




























