Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է «Նոր ժամանակներ» կուսակցությանը՝ հայտնելով, որ հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները արդեն իսկ դրված են ԱԳՆ կայքում:
Հիշեցնենք, որ «Նոր ժամանակներ» կուսակցությունը բաց նամակով դիմել էր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին եւ հայտնել, թե խոսակցություններ են պտտվում, որ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում «ստորագրված բացահայտ հակահայ արձանագրություններում առկա են ավելացված նոր դրույթներ, որոնք չկային նախաստորագրված փասթաթղթերում»:
ՆԺԿ-ն պահանջել էր մամուլում հրապարակել արձանագրություններն իրենց վերջնական տեքստով:
ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, ի պատասխան, հայտարարել է, թե «եւս մեկ անգամ նման հայտարարությունը ցույց է տալիս, որ հայտարարություններն արվում են առանց նյութին ծանոթանալու։ Փաստաթղթերը հրապարակված են ԱԳՆ կայքում դեռեւս անցած շաբաթվա սկզբին»:




























