Գեղարքունիքի մարզում, այսօր՝ հունվարի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել. Ժամը 15:50–ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է  ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի  Չկալովկա գյուղի վարչական տարածքում  բենզալցակայան է այրվում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայր է ժամանել երկու մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բենզալցակայանի աշխատակիցների հետ  նախ կանխել են բենզալցակայանի տանիքում առաջացած հրդեհը, ապա մարել  այն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Նախնական վարկածի համաձայն՝ կրակը բենզալցակայանի տանիքում բռնկվել է էլեկտրական լարերի պատճառով, սակայն վերջնական պատասխան ստանալու համար նշանակվել է փորձաքննություն: