Ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում, որտեղից էլ դրանք բխեն, բոլոր երկրների ուժերի համախմբում է պահանջվում։ Այդ մասին ասված է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ՝ իրանցի իր պաշտոնակից Մահմուդ Ահմադինեջադին Իսլամական Հանրապետությունում իրականացված ահաբեկչական գործողությունների առիթով հղված ուղերձում։

«Զայրույթով տեղեկացա Զահեդան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած, տասնյակ իրանցի զինծառայողների եւ խաղաղ բնակչության կյանքեր խլած ահաբեկչական գործողությունների մասին։ Դատապարտում եմ ծայրահեղականների այս նոր չարագործությունը եւ վստահություն եմ հայտնում, որ դրա կազմակերպիչներն ու իրականացնողները կգտնվեն եւ կպատժվեն»,- ասված է Ռուսաստանի նախագահի ուղերձում։

Միեւնույն ժամանակ, Մեդվեդեւը պատրաստակամություն է հայտնել Իսլամական Հանրապետության հետ համագործակցել՝ երկրում իրականացվող ահաբեկչական գործողությունների դեմ,- ասված է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ահաբեկչությունը, որին զոհ էր գնացել 49 մարդ, տեղի էր ունեցել Սարբազ քաղաքում (Սիստանի եւ Բելուջիստանի գավառ)։ Սուննի «Ջունդ Ալլա» էքստրեմիստական խմբավորման մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարք էր գործարկել ավտոմեքենայի մոտ, որում նստած է եղել իսլամական հեղափոխության ցամաքային ուժերի կորպուսի ղեկավարի տեղակալը։ Նա եւ մի շարք այլ սպաներ զոհվել էին։