Հունաստանի հյուսիսում՝ Կենտրոնական Մակեդոնիայի Վերիա քաղաքում, հնագետները Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի հազվագյուտ անավարտ արձան են հայտնաբերել։ Արգեադների դինաստիայի մակեդոնական թագավորների (այդ թվում՝ Ալեքսանդր Մակեդոնացու) օրոք Վերիա քաղաքը քաղաքական եւ ռազմական կարեւոր կենտրոն է եղել։ Այս մասին գրում է «Աշխարհի շուրջը» ճանաչողական պորտալը՝ վկայակոչելով The History Blog-ը:
Արձանը թվագրվում է մեր թվարկության 2-3-րդ դարերով։ Դրա բարձրությունը մոտ մեկ մետր է։ Վարպետը չի հասցրել առանձնացնել այն մարմարե բլոկից, որից քանդակել է։ Քանի որ արձանը գլուխ չունի, դժվար է ասել, թե ում է այն նվիրված. դա կարող էր լինել Հերմեսը, Ապոլոնը եւ նույնիսկ Ալեքսանդր Մակեդոնացին։
Հետազոտողները նշում են, որ արհեստագործությունը, որով ստեղծվել է արձանը, վկայում է փորձառու քանդակագործի աշխատանքի մասին։ Թե ինչու նա չի ավարտել իր աշխատանքը, առեղծված է մնում։ Գտածոն թույլ է տալիս արվեստաբաններին ավելի մանրամասն ուսումնասիրել հնագույն արձանների պատրաստման մեթոդները։




























