Ուժային կառույցների ղեկավարները զեկուցել են Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին, որ Ղազախստան են ժամանում ՀԱՊԿ միավորված խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումները՝ կարգուկանոնի հաստատմանն աջակցելու նպատակով, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Այդ զորակազմը եկել է սահմանափակ ժամանակով՝ հիմնականում իրագործելու համար ռազմավարական օբյեկտների պահպանության ապահովման գործառույթներ»,- նշվում է հաղորդագրությունում։
Նիստի ընթացքում հաշվետվությամբ հանդես են եկել ներքին գործերի եւ պաշտպանության նախարարների պաշտոնակատարները, ինչպես նաեւ Ազգային անվտանգության կոմիտեի նախագահը։
Ղազախստանի նախագահը մի շարք կարգադրություններ է արել երկրում իրավիճակի հետագա կայունացման վերաբերյալ։
Նշենք, որ Ղազախստանի իշխանությունները «ահաբեկիչների» հայտնվելու մասին սկսեցին խոսել միայն այն բանից հետո, երբ կորցրին երկրում իրավիճակի վերահսկողությունը։ «Նուր Օթան» («Հայրենիքի լույսը») կառավարող կուսակցությունը մինչեւ հիմա ի վիճակի չգտնվեց անգամ հանդես գալու հայտարարությամբ, չգումարվեց նաեւ Ղազախստանի խորհրդարանը։ Արեւմտյան ԶԼՄ-ները, քաղաքացիական հատվածի եւ ընդդիմության ներկայացուցիչները նախօրեին հայտարարել էին, որ զինվորականները կրակ են բացել գերազանցապես անզեն երիտասարդների ուղղությամբ։





























