«Ես այն կարծիքին չեմ, որ թուրք-իսրայելական հարաբերությունները այդ աստիճան սրվել են»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ու հավելեց. «Իսրայելում շատ սերտ հարաբերություններ ունեն թուրքական բանակի ու վերնախավի հետ եւ ընդհանրապես, աշխարհիկ, աթաթուրքիստական սկզբունքով շարժվող կուսակցությունների հետ»: Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր. «Իսրայելի հետ հարաբերությունները կբարելավվեն, եթե Գազայի հատվածում ավարտվի ողբերգությունը»:
Ե. Բոզոյանի խոսքով, ընդհանուր առմամբ` Իսրայելի կողմից սառը վերաբերմունքը Թուրքիայում գործող կոնկրետ ուժերի հանդեպ է: «Սակայն Իսրայելում նաեւ շատ լավ հասկանում են Թուրքիայի դերը եւ փորձելու են լավ հարաբերություններ պահպանել նրա հետ: Ես կարծում եմ, որ կա այն կարմիր գիծը, որից այն կողմ Իսրայելը երբեք չի անցնի Թուրքիայի հետ հարաբերությունների վատացման հարցում»:
Դիտարկմանը, թե Իսրայելը Թուրքիայի հետ հարաբերությունների սրման համապատկերում զարգացնում է հարաբերությունները Ադրբեջանի հետ, եւ դա ինչպե՞ս կանդրադառնա Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական հարաբերությունների վրա, քաղաքագետը հայտարարեց. «Ես այդ խնդիրը չէի շեշտադրի, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը ռազմավարական դաշնակիցներ են ու եղբայրական երկրներ: Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա նա միշտ էլ լավ հարաբերություններ է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Հնարավոր է, որ ինչ-որ ժամանակաշրջանում դրանք եղել են ավելի լավ կամ վատ, սակայն մեծ հաշվով, այդ հարաբերությունները երբեք չեն հասնի այն աստիճանին, որ հնարավոր լինի ասել, թե Ադրբեջանի հետ լավ հարաբերություններն ու Թուրքիայի հետ վատ հարաբերությունները կարող են բերել հակասության: Այդտեղ որեւէ լուրջ հակասություն չկա»:




























