Վրաստանի ՆԳՆ նախկին փոխնախարար, սահմանային ոստիկանության նախկին պետ եւ երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի ամուսինը՝ Բադրի Բիցաձեն, հայտարարել է, որ վրացական կողմը անցած տարվա օգոստոսին Ցխինվալը զանգվածային կերպով ռմբակոծել սկսել է նախքան ռուս զինծառայողները անցել են Հարավային Օսիայի հետ սահմանը։
Ինչպես Բիցաձեն հայտնել է «Ասավալ-դասավալի» թերթին, Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալի զանգվածային ռմբակոծումը սկսվել է օգոստոսի 7-ին՝ 22։45 րոպեին։ «Դա շարունակվել է ամբողջ գիշեր։ Այդ պահին ռուսները Ցխինվալում չեն եղել»,- ասել է վրացի գեներալը։ Նրա խոսքով, ինքն անձամբ է հարյուր մետրից տեսել ռմբակոծումը։ Նրա խոսքով, վրացական կողմի գործողությունները «քաոսային էին, անկազմակերպ, չկանխամտածված»։
Հիշեցնենք, որ 2008թ. օգոստոսին տեղի ունեցած պատերազմի պատճառների եւ հետեւանքների մասին իր զեկուցում ԵՄ փորձագետների խումբը եւս եկել էր այն եզրակացության, որ ռազմական գործողությունները սկսվել են վրացական բանակի կողմից։ Այդ առիթով, վրաց մի շարք ընդդիմադիրներ կոչ են արել, որպես ռազմական հանցագործի, Հաագայի դատարանում դատի տալ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն։




























