Մայրուղիներն ու խանութները նկատելիորեն ավելի հանգիստ են դարձել այն բանից հետո, երբ անցյալ ամիս Թուրքիայում ինֆլյացիան հասել է իր ամենաբարձր մակարդակին 2002 թվականից ի վեր՝ դժվարացնելով վարկեր ստանալը, իսկ հունվարին COVID-19-ի դեպքերի թիվը կտրուկ աճել է, գրում է Dünya թերթը։

Ֆինանսական պայմանների կտրուկ խստացումը նշանակում է, որ Թուրքիան այժմ բախվում է տնտեսական ռեցեսիայի, հայտարարել է Միջազգային ֆինանսների ինստիտուտի (IIF) գլխավոր տնտեսագետ Ռոբին Բրուքսը:

«Չնայած առեւտրի կենտրոններում եւ փողոցային խանութներում զեղչերին, գնումների թիվը զգալիորեն նվազել է»,- ասել է Միացյալ ապրանքանիշների ասոցիացիայի (BMD) ղեկավար Սինան Օնչելը։ Նրա խոսքով, ապրանքներ գնող զբոսաշրջիկների թիվը նույնպես կտրուկ նվազել է: «Կարծես թե դիտարկվող անկումը շատ ավելի կխորանա մոտակա ժամանակաշրջանում»,- նշել է Օնսելը:

Դեկտեմբերին Թուրքիայում սպառողների վստահությունը իջել է մինչեւ 68,9, ինչը ամենացածր մակարդակն է 2004 թվականի գրանցման սկզբից, այն բանից հետո, երբ լիրայի փոխարժեքը կտրուկ անկում է ապրել դոլարի նկատմամբ, իսկ ինֆլյացիան ցատկել է մինչեւ 36,1 տոկոս: JPMorgan-ը կանխատեսել է, որ մինչեւ մայիս գների տարեկան աճը կարող է 55 տոկոսի հասնել:

Թուրքիայում ինֆլյացիան թռավ այն բանից հետո, երբ կենտրոնական բանկը դեկտեմբերին նվազեցրեց տոկոսադրույքները մինչեւ 14 տոկոս, որպեսզի օգնի խթանել տնտեսությունը եւ բանկային վարկավորումը: Բայց տոկոսադրույքների կրճատումը հակառակ ազդեցությունն ունեցավ, ասել է Բրուքսը:

«Ֆինանսական պայմանները շատ կտրուկ խստացել են՝ հանգեցնելով խորը ռեցեսիայի»,- ասել է նա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով պնդում է, որ տոկոսադրույքները ինֆլյացիոն են եւ հակասում են իսլամին, ձգտում է արագացնել տնտեսական աճը հաջորդ տարվա հունիսին նշանակված նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից առաջ: Որոշ մեկնաբաններ ասում են, որ Թուրքիայի տնտեսական դժվարությունները կարող են նշանակել, որ քվեարկությունը կտեղափոխվի այս տարի:

Օնսելը նշել է, որ թուրքական մանրածախ առեւտուրը սովորաբար հունվարին գրանցում է առեւտրի անկում, սակայն այս անգամ անկումը շատ ավելի նկատելի է։

Dünya-ն տեղեկացրել է, որ բենզինի գների աճը հանգեցրել է նրան, որ շատ թուրքեր իրենց մեքենաները միայն անհրաժեշտության դեպքում են օգտագործում: Նրա տվյալներով, անցած շաբաթ օրը երթեւեկության խտությունը նվազել է կիսով չափ՝ հասնելով մոտ 40 տոկոսի։ Ստամբուլի քաղաքապետարանի կողմից հրապարակված տվյալները ցույց են տալիս խցանումների զգալի նվազում, հայտնում է թերթը։