Բուկինգհեմի պալատի նախկին ավագ խոհարար Դարեն Օ՛Գրեյդին պատմել է, թե ինչ ֆասթֆուդ է նախընտրում Եղիսաբեթ II թագուհին, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով The Sun-ին։

Դարեն Օ՛Գրեյդիի խոսքով՝ թագուհին, որպես կանոն, խուսափում է ֆասթֆուդից, բայց կա մի բան, որից նա հրաժարվել չի կարողանում։ Խոսքը համբուրգերների մասին է, որոնք Եղիսաբեթ II-ը շատ է սիրում, բայց միշտ խնդրում է մատուցել առանց հացի։ Ընդ որում՝ միապետուհին չի հանձնարարում համբուրգերներ պատվիրել արագ սննդի ցանցերում, այլ խնդրում է, որ դրանք պատրաստի խոհարարների իր թիմը։

«Ինձ միշտ զվարճացնում էր այն, որ  Բալմորալում (Եղիսաբեթ II-ի շոտլանդական նստավայրը) մենք պատրաստում էինք սեփական համբուրգերներ։ Նրանք եղջերուներ էին խփում, իսկ մենք կողիկներ էինք պատրաստում եղջերվի մսից»,- պատմում է թագավորական խոհարարը։

Բուկինգհեմյան պալատում 15 տարի ավագ խոհարար աշխատած Օ՛Գրեյդին ավելացրել է, որ թագուհին չի սիրում պիցա, եւ պալատում իր աշխատանքի ամբողջ ընթացքում նրան ոչ մի պիցա չի մատուցվել։

Ավելի հաճախ Դարեն Օ՛Գրեյդին Եղիսաբեթ II-ի համար պատրաստել է դասական ֆրանսիական կերակուր։