Ալբանիայի կառավարությունը ամերիկյան ընկերությանը կվարձի՝ դեկտեմբերին տեղի ունեցած խոշոր արտահոսքից հետո իր կիբեռանվտանգությունն ամրապնդելու համար, հայտնում է AP-ն։

Վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ երկիրը եւ Վիրջինիայում գտնվող Jones Group International ընկերությունը Տիրանայում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել «թվային համակարգերի անվտանգությունն ամրապնդելու համար»:

Jones Group International-ը, որը գլխավորում է ազգային անվտանգության նախկին խորհրդական, պաշտոնաթող գեներալ Ջեյմս Լ. Ջոնսը, նախ «մեր համակարգերի ամբողջական սքանավորում կիրականացնի, որպեսզի ստուգի, թե որքանով են դրանք ենթակա երկրի ներսից եւ արտասահմանից հարձակումների», ասել է ենթակառուցվածքների նախարար Բելինդա Բալուկուն:

Այնուհետեւ նա կծրագրի բազմաշերտ պաշտպանական համակարգեր տեղադրելու ռազմավարություն՝ երկրում կիբեռհարձակումները կանխելու համար:

Դեկտեմբերին մոտ 690 000 մարդու անձնական տեղեկություններ էին արտահոսել պետական եւ մասնավոր աշխատողների պետական տվյալների բազայից, ներառյալ անձը հաստատող փաստաթղթի համարները, աշխատանքի եւ աշխատավարձի տվյալները: Տվյալները լայնորեն տարածվել էին հաղորդագրությունների հավելվածների միջոցով: Չորս պետական եւ մասնավոր պաշտոնյաներ ձերբակալվել էին, ապա ազատ արձակվել շարունակվող հետաքննության շրջանակներում: