Պակիստանի զինվորականներին պատկանող գոլֆ-ակումբը փակվել է այն բանից հետո, երբ դատարանը որոշել է, որ այն ոտնձգություն է կատարել մայրաքաղաքի ազգային պարկի հանդեպ եւ խախտել է բնապահպանական նորմերը, հաղորդում է AFP-ն:
Երկրի հզոր զինված ուժերի դեմ հազվագյուտ որոշման մեջ դատավոր Աթար Մինալլահն ասել է, որ ռազմածովային ուժերը «ապօրինաբար» են ստեղծել Margalla Greens գոլֆ-ակումբը՝ 18 անցքերով դաշտը, որը կից է երկրի լավագույն ռազմական համալսարանին:
2010 թվականին բացված դաշտը նաեւ հարում է Մարգալա Հիլզ ազգային պարկին՝ Հիմալայան նախալեռներում, որոնք մասամբ շրջապատում են Իսլամաբադը:
Երեքշաբթի օրը դատարանի որոշմամբ գոլֆի դաշտը կնքվել եւ հանձնվել է Իսլամաբադի Կապիտալ զարգացման վարչությանը եւ Վայրի բնության կառավարման խորհրդին: Որոշման մեջ ասվում է, որ այն պետք է քանդվի չորս շաբաթվա ընթացքում, եթե չի կարող օգտագործվել «էկոլոգիապես մաքուր գործունեության» համար։
Նույն ճակատագրին է արժանացել նաեւ Մարգալա լեռներում հայտնի ռեստորանը, որը գտնվում է այն հողի վրա, որը բանակի պնդմամբ իրեն է պատկանում:
Monal-ի գործադիր տնօրեն Մաջեր Ալլահյարն ասել է, որ դիտարկում է դատարանի որոշումը վիճարկելու հարցը, որը, ըստ նրա, կհանգեցնի մոտ 600 աշխատատեղերի կորստի:
Պակիստանում կա մոտ 50 գոլֆի դաշտ, որոնցից շատերը կառուցված են ռազմական հողերի վրա, սակայն այս սպորտաձեւը շատ բացառիկ է եւ դրանով հիմնականում զբաղվում են հարուստները կամ բարձրաստիճան զինվորականները:





























