Գերմանիայի ներքին գործերի նոր նախարար Նենսի Ֆեզերը սպառնացել է արգելափակել հանրահայտ Telegram մեսենջերը, որը, ըստ Գերմանիայի իրավապահ մարմինների, հատկապես հաճախ է օգտագործվում աջ ծայրահեղականների եւ դավադրության տեսությունների կողմնակիցների կողմից՝ ուժեր եւ ռեսուրսներ մոբիլիզացնելու համար, հայտնում է DW-ն։
«Մենք իրավական պետություն ենք, բայց սկզբունքորեն չենք կարող բացառել նման հնարավորությունը։ Անջատումը կունենա շատ լուրջ հետեւանքներ եւ, բնականաբար, կլինի վերջին միջոցը: Մինչ այդ, մնացած բոլոր տարբերակները պետք է սպառվեն»,- ասել է նա Die Zeit շաբաթաթերթին տված հարցազրույցում։
Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցիչը, ի պատասխան այն հարցին, թե ինչպես է գործնականում հնարավոր արգելափակել Telegram-ը, չի կարողացել նշել տեխնիկական կամ իրավական մանրամասներ։ Ֆեզերը նշել է, որ ինքը կողմնակից է համաեվրոպական լուծման՝ Telegram-ին համագործակցել ստիպելու նպատակով։ Միաժամանակ նա մատնանշել է հնարավոր դժվարությունները։ «Այսօր Telegram-ը հիմնված է Դուբայում, իսկ վաղը, հնարավոր է, Կայմանյան կղզիներում: Իրավական նորմերը կյանքի կոչելու համար մեզ մեծ ջանքեր կպահանջվեն։ Գերմանիան չի կարող միայնակ հաղթահարել այս խնդիրը»,- ասել է նա:
Telegram-ը այլընտրանքային հարթակ է դարձել այն օգտատերերի համար, ովքեր խուսափում են Facebook, YouTube, Twitter եւ այլ սոցիալական ցանցերից, որոնք արգելափակում են ծայրահեղական բովանդակությունը։ Dpa գործակալությունը նշում է, որ ի վերջո գերմանական իշխանությունները պետք է արմատական միջոցի դիմեն՝ համոզեն Apple-ին եւ Google-ին հեռացնել Telegram-ը հավելվածների խանութներից։ Բայց այս դեպքում նրանք, ովքեր արդեն ներբեռնել են Telegram-ը, հետագայում եւս կկարողանան օգտվել դրանից։ Բացի այդ, Telegram-ը կարելի է ներբեռնել անմիջապես մեսենջերի պաշտոնական կայքից։
Ինչպես նշում է գործակալությունը, Գերմանիան տեսականորեն կարող է դիմել ցանցերի արգելափակման, ինչը համեմատաբար արդյունավետ միջոց է, բայց այդ դեպքում նա կընտրի այն ուղին, որով գնում են ավտորիտար պետությունները։





























