Ժնեւում եւ Բրյուսելում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի խորհրդակցությունները դրական էին, սակայն անհրաժեշտ են պատասխաններ սկզբունքային հարցերին, որոնց վերաբերյալ գրանցվել են տարաձայնություններ, սա վատ է եւ կարելի է համարել մինուս բանակցությունների երկու փուլերի համար։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ 

Պեսկովն օրինակ է բերել ապաէսկալացիայի հարցով Մոսկվային ուղղված Արեւմուտքի կոչերը՝ նշելով, որ եթե ՆԱՏՕ-ն ցանկանում է թելադրել, թե Ռուսաստանը որտեղ պետք է զորքերը տեղափոխի իր տարածքում, ապա դա դժվար թե հնարավոր լինի։

Չորեքշաբթի օրը Բրյուսելում կայացել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը։ Հանդիպումը հաջորդել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցություններին, որոնք տեղի են ունեցել հունվարի 9-10-ը Ժնեւում։