Դանիան նախազգուշացրել է Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի եւ այլ երկրների կողմից լրտեսության «աճող սպառնալիքի» մասին, այդ թվում Արկտիկայի տարածաշրջանում, որտեղ համաշխարհային տերությունները մրցում են ռեսուրսների եւ ծովային ուղիների համար, հաղորդում է Reuters-ը:

Դանիայի անվտանգության եւ հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ Դանիային լրտեսելու բազմաթիվ փորձեր են եղել, որի ակտիվ գլոբալ դերը գայթակղիչ թիրախ է դարձրել այն:

«Վերջին տարիներին օտարերկրյա հետախուզական գործունեության սպառնալիքը Դանիայի, Գրենլանդիայի եւ Ֆարերյան կղզիների նկատմամբ աճել է», - զեկույցում ասել է Դանիայի անվտանգության եւ հետախուզության ծառայության հակահետախուզության ղեկավար Անդերս Հենրիքսենը:

Գրենլանդիան եւ Ֆարերյան կղզիները Դանիայի Թագավորության ինքնիշխան տարածքները եւ Արկտիկայի խորհրդի ֆորումի անդամներն են։ Կոպենհագենն է զբաղվում դրանց արտաքին գործերով եւ անվտանգության հարցերով:

Զեկույցում հիշատակվում է 2019 թվականին տեղի ունեցած միջադեպը, որը կապված է կեղծ նամակի հետ, որը, իբր, Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարի կողմից ուղարկվել է ամերիկացի սենատորին, որում ասվում է, որ անկախության հանրաքվեն սարերի հետեւում չէ:

«Շատ հավանական է, որ նամակը շինծու է եւ տարածվել է Ռուսաստանի ազդեցության գործակալների կողմից, ովքեր ցանկանում էին խառնաշփոթ եւ հնարավոր հակամարտություն հրահրել Դանիայի, ԱՄՆ-ի եւ Գրենլանդիայի միջեւ»,- ասվում է զեկույցում:

Դանիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Բարբինը Reuters-ին ուղղված նամակում հերքել է մեղադրանքները: Նա Ռուսաստանի դեմ ուղղված ավելի լայն մեղադրանքները կապել է լրտեսական սկանդալի հետ, երբ Միացյալ Նահանգները Դանիայի արտաքին հետախուզության ստորաբաժանման հետ համագործակցությունն օգտագործեցին հարեւան երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին լրտեսելու համար: Բարբինն ասել է, որ մեղադրանքները «պետք է բացառապես որպես սկանդալը քողարկելու գործողություն դիտարկել, որով դանիական իշխանությունները թույլ են տվել ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությանը հասնել Դանիայի տարածքով անցնող կապի մալուխներին»:

Արկտիկան ավելի ու ավելի մեծ աշխարհաքաղաքական նշանակություն է ձեռք բերում, քանի որ Ռուսաստանը, Չինաստանը եւ Միացյալ Նահանգները մրցում են բնական ռեսուրսների, ծովային ուղիների, հետազոտական ​​եւ ռազմական-ռազմավարական շրջանների  հասանելիության համար:

Դանիական հետախուզության զեկույցում նշվում է նաեւ, որ օտարերկրյա հետախուզական ծառայությունները, այդ թվում՝ Չինաստանից, Ռուսաստանից եւ Իրանից, փորձել են կապ հաստատել ուսանողների, հետազոտողների եւ ընկերությունների հետ՝ դանիական տեխնոլոգիաների եւ հետազոտությունների մասին տեղեկություններ ստանալու համար:

Նշվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ Դանիայի միջազգային ակտիվ դերը, հասարակության բաց լինելը եւ տեխնոլոգիական գիտելիքների բարձր մակարդակն այն «գրավիչ թիրախ են դարձրել արտաքին հետախուզական գործունեության համար»: