«Թուֆենկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ իր ավարտին է հասնում Շուշիի թանգարանի կապիտալ վերանորոգումը, որը սկսվել էր 5 տարի առաջ։
Թանգարանի տնօրեն Աշոտ Հարությունյանի խոսքով՝ վերջին տարիներին, նաեւ հանգանակության շնորհիվ, թանգարանի դրամական միջոցները բավականին ավելացել են։ Թանգարանում ցուցադրվում են Շուշիի ինչպես հին, այնպես էլ նոր պատմությունը, մասնավորապես, քաղաքի ազատագրման ռազմական գործողության մակետը։ Թանգարանի հպարտության հատուկ առարկա է համաշխարհային ճանաչում ձեռք բերած շուշեցիների վերաբերյալ նյութերը՝ մշակութային գործիչների, գրողների, թատերագիրների վերաբերյալ, օրինակ՝ Մուրացանի, Վաղարշյանի եւ այլն։ Թանգարանի աշխատակիցների ջանքերով ստեղծվել է գրադարան։
Աշոտ Հարությունյանի հավաստմամբ, պետության դերը թանգարանի զարգացման գործում վերջին ժամանակներս բարձրացել է։ Տնօրենը կարծում է, որ թանգարանի աշխատանքը միջազգային մակարդակին հասցնելը, իր հերթին, կխթանի Շուշիում զբոսաշրջության զարգացմանը։




























