Վաղը՝ հոկտեմբերի 20-ին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի զրահապատ դահլիճում սկսվելու է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությունը:
Փաշինյանը ուղերձ է հղել Հայաստանի քաղաքացիներին, որում, մասնավորապես ասված է. «Իմ ընկերների եւ իմ դեմ հարուցված ցնորամիտ մեղադրանքներով իշխանությունը փորձում է քողարկել իր իսկ գործած աղաղակող հանցանքները, որոնց արդյունքում քրեածին եւ մաֆիոզ անձանց մի խումբ յուրացրել է ՀՀ Սահմանադրությամբ բացառապես ժողովրդին պատկանող իշխանությունը եւ դա արել է ՀՀ իրավատեր քաղաքացիների արյունալի ջարդի միջոցով»:
ՀԺ-ի գլխավոր խմբագիրը նաեւ նշել է, որ «2008 թ. փետրվարյան լուսավոր օրերին մենք հաղթահարեցինք մեր վախերն ու հակասությունները եւ ամուր կանգնեցինք ազգային-քաղաքացիական պարտքին հավատարմության դիրքերում: Մեր դեմ գործում էր ստի, կեղծիքի, ապատեղեկատվության, ստորության ավազակապետական մեքենան, բայց ի հեճուկս սրա` ՀՀ Քաղաքացու զարթոնքը տեղի ունեցավ»:
«2008 թ. Մարտի 1-ին իր սահմանադրական իրավունքները իրացնող ՀՀ Քաղաքացին դարձավ ոստիկանական վերնախավի, կրիմինալի, օլիգարխ-սափրագլուխների դավադիր եւ ապօրինի հարձակման թիրախ: Հրեշավոր հարձակման նպատակը ժողովրդին պատկանող իշխանության յուրացումն էր, ՀՀ քաղաքացուն իրավազուրկ հպատակ դարձնելը, հայաստանցու կամքն ու ողնաշարը ջարդելը: Որպես Մարտի 1-ի իրադարձությունների անմիջական մասնակից հարկ եմ համարում ընդգծել.
-հպարտ եմ, որ սեփական իրավունքների եւ արժանապատվության համար վճռական պայքարի ընդունակ ոգեղեն ժողովրդի զավակ եմ.
-հպարտ եմ, որ 2008թ. Մարտի 1-ին ինձնից կախվածը արել եմ ՀՀ քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը, ՀՀ Սահմանադրությունը, հայաստանցու արժանապատվությունը պաշտպանելու համար:
Մարտի 1-ի առնվազն տասն անմեղ զոհերի` Գոռ Քլոյանի, Տիգրան Աբգարյանի, Համլետ Թադեւոսյանի, Տիգրան Խաչատրյանի, Արմեն Ֆարմանյանի, Զաքար Հովհաննիսյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Դավիթ Պետրոսյանի, Գրիգոր Գեւորգյանի, Սամվել Հարությունյանի սուրբ հիշատակի առաջ երդվում եմ` իմ կյանքը նվիրել այնպիսի Հայաստանի կերտմանը, որն ապահով տուն եւ տաք օջախ է սեփական զավակների համար եւ չի փափագում նրանց արյունը:
Դիմում եմ քաղաքացիական պայքարի ելած հարյուր հազարավոր հայաստանցիներին. գլուխներդ բարձր, դուխներդ` տեղը, պայքարելու ենք մինչեւ վերջ եւ հաղթելու ենք:
Մեր ընթացքն անկասելի է, մեր հաղթանակը` անխուսափելի. եւ ուրեմն` պայքար, պայքար մինչեւ վերջ»,- նշել է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող Նիկոլ Փաշինյանն ու հավելել. «Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Ազատությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում»:




























