Չեռնոգորիայի խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովը կհարցաքննի երկրի վարչապետ Զդրավկո Կրիվոկապիչին եւ փոխվարչապետ Դրիտան Աբազովիչին Բար քաղաքի նավահանգստում բանանի արկղերում 500 կգ կոկաին հայտնաբերելու գործի շուրջ: Այդ մասին ուրբաթ հայտարարել է երկրի ազգային հեռուստատեսությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կհարցաքննվեն նաեւ ոստիկանության, դատախազության եւ Չեռնոգորիայի ազգային անվտանգության ղեկավարները: Որոշումն ընդունվել է պատգամավորների կողմից միաձայն:
Ավելի վաղ Vijesti թերթը տեղեկացրել է, որ Չեռնոգորիայի մաքսայինները հայտնաբերել են Բար քաղաքի նավահանգստում ավելի քան 500 կգ կոկաին բանանի արկղերում, որը նախատեսված էր Voli սուպերմարկետների համար: Մաքսայիններն ահազանգել են իրենց գտածոյի մասին Չեռնոգորիայի հատուկ պետական դատախազությանն ու ոստիկանությանը: Դատախազությունը հայտնել է, որ առաջիկայում ակնկալվում է բերման ենթարկել բոլոր նրանց, ովքեր կապված են մաքսանենգության հետ: Կոկաինը ժամանել էր երկիր հունվարի 2-ին, իսկ մաքսայինները հայտնաբերել էին այն հունվարի 12-ին:
Դա առաջին դեպքը չէ, երբ Չեռնոգորիայում Voli ընկերության բեռներում թմրանյութեր են հայտնաբերվում: 2018 թվականի հունիսին 7 միլիոն դոլար արժողության 35 կգ կոկաին է հայտնաբերվել բանաններով կոնտեյներում, որոնք նախատեսված էին այդ ցանցի համար: 2014 թվականին Չեռնոգորիայի ոստիկանները հայտնաբերել էին Էվադորից համանման կոնտեյներում 250 կգ կոկաին:





























