«Թուրք-իսրայելական հարաբերությունների սրացումն ինչ-որ տեղ նաեւ իսլամական աշխարհի եւ հրեական պետության միջեւ հարաբերությունների սրացում է։ Գաղտնիք չէ, որ Թուրքիայի իշխանություններն իսլամական կողմնորոշում ունեն եւ վաղ, թե ուշ, Իսրայելի հետ հարաբերություները պետք է դառնային այնպիսին, ինչպիսին այսօր են»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը՝ խոսելով ռազմավարական երկու դաշնակիցների հարաբերությունների սրացման մասին։

Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ ծագած տարաձայնությունների հիմնական պատճառ համարելով, հատկապես, վերջինիս՝ քրդական հարցի վերաբերյալ ունեցած դիրքորոշումը եւ քրդական ինքնավարության ստեղծմանը կողմնակից լինելու հանգամանքը, պատգամավորը հավելեց, որ սա ամենաուղիղ առումով պետք է ազդեր երկու երկրների հարաբերությունների վրա։

Հարցին, թե ի՞նչ կերպ կանդրադառնա Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական հարբերությունների վրա այն փաստը, որ Իսրայելը Թուրքիայի հետ հարաբերությունների վատացման ֆոնին հարաբերություններ է զարգացնում Ադրբեջանի հետ, Վարդան Խաչատրյանը պատասխանեց, որ թեպետ կանխատեսումներ չի կարող անել, սակայն միանշանակ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ չեն կարող չծագել որոշակի խնդիրներ։ Նրա խոսքով, Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ այդ դեպքում վերանայումներ, անկասկած, կլինեն, ինչի արդյունքում Իսրայելի հետ հաստատած հարաբերություններն Ադրբեջանը կօգտագործի իբրեւ հակակշիռ՝ Թուրքիայի հետ ունեցած հարաբերություններում։