Բաքվի շեհիդների ծառուղուց թուրքական դրոշների հանման փաստի շուրջ խորհրդատվությունների անցկացման նպատակով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հադիպում է ունեցել Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Զաքիր Հաշիմովի հետ,- հաղորդում է թուրքական «Զաման» թերթը։ Հանդիպման մանրամասները, ինչպես հաղորդում է պարբերականը, առայժմ հայտնի չեն լայն հասարակայնությանը։
Մինչդեռ, ինչպես այսօր APA գործակալությանը հայտարարել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը, արտասահմանյան դրոշների հանման փաստը, այդ թվում եւ թուրքական, որոնք վերջին օրերին տեղ են գտել Բաքվում եւ Ադրբեջանի տարբեր շրջաններում, կապված չեն վերանորոգման կամ էլ այլ պլանային աշխատանքների հետ։ Ըստ նրա, դրոշների հանումը կապված է «Ադրբեջանի Հանրապետությունում արտասահմանյան պետությունների ու միջազգային կազմակերպությունների դրոշների օգտագործման կանոնների մասին» օրենքի կատարման հետ։
Հասանովը հայտարարել է, որ այդ օրենքի ընդունումից հետո գործադիր իշխանությունների տեղի եւ կենտրոնական մարմիններին հանձնարարվել է պատրաստել այն դրոշների ցուցակը, որոնք կախված են տարբեր վայրերում առանց հաշվի առնելու համապատասխան պահանջները. «Պարզվել է, որ արտասահմանյան պետությունների դրոշները կախվում են օրենքով չնախատեսված վայրերում, այդ պատճառով էլ դրանք հանվում են»։ Այսուհետ Ադրբեջանի տարածքում արտասահմանյան պետությունների դրոշները Ադրբեջանի տարածքում կկախվեն միայն օրենքով թույլատրված վայրերում"։
Միջադեպի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը, որի գնահատմամբ, հարեւան երկրի պետական խորհրդանիշի նկատմամբ վարած ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունը կոպիտ քաղաքական սխալ է. «երկու երկրների հարաբերություններում առկա լարվածությունը միեւնույն է ադրբեջանական իշխանություններին նման արարքի բավարար հիմք չի տալիս։ Նման քայլն ուղղված է ոչ թե Անկարայի, այլ, ավելի շուտ ողջ թուրքական պետության դեմ»։
Հիշեցնենք, որ շեհիդների ծառուղուց թուրքական դրոշների հանման մասին տեղեկությունը ստացվել էր հոկտեմբերի 17-ին։ Ըստ տեղամասի պահպանության ծառայության աշխատակցի, դրոշները հանվել էին դեռեւս հոկտեմբերի 15-ին,այն բանից հետո, երբ «կառավարական որոշ մարդիկ» համապատասխան հրահանգ էին տվել։ Մինչ այդ ադրբեջանական դրոշների արգելման հետ կապված սկանդալ էր բորբոքվել թուրքական Բուրսա քաղաքում, որտեղ ընթանում էր Թուրքիայի ու Հայաստանի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը։




























