Իրանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի պատվիրակությունները վաղը՝ հոկտեմբերի 20-ին խորհրդատվություն կանցկացնեն իրանական ռեակտորի համար վառելանյութի մատակարարման հարցի վերաբերյալ։ Ինչպես հայտնում է BBC-ն, հանդիպումը տեղի կունենա Միջուկային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր գրասենյակում, դռնփակ։ Վառելանյութի մատակարարման անհրաժեշտությունը կապված է այն բանի հետ, որ բժշկական նպատակներով իզոտոպներ արտադրող ռեակտորի համար Իրանի ունեցած պաշարը կբավարարի միայն կես տարի։

«Washington Post» թերթի տվյալներով, ԱՄՆ-ը խորհրդատվությանը կներկայանա բարձրաստիճան պատվիրակությամբ՝ էներգետիկայի փոխնախարար Դենիել Պոնեմանի ղեկավարության ներքո, որի նպատակը իրանական կողմին այդ բանակցությունների կարեւորությունը ցույց տալն է։

Ինչպես հայտնում է «ИТАР-ТАСС»-ը, վեցյակը՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան, առաջարկում են այս հարցի լուծման հետեւյալ համակարգը. Իրանից մոտավորապես 3,5% չափով հարստացված միջուկային նյութ ստանալով՝ Ռուսաստանը այն հարստացնում է մինչեւ 19,75% եւ ուղարկում է Ֆրանսիա, որտեղ ամերիկյան տեխնոլոգիաների համաձայն՝ կպատրաստվեն վառելանյութի հավաքման կայաններ։ Փորձագետները ելնում են նրանից, որ Իրանին 116 կգ թարմ վառելանյութ է անհրաժեշ, որին էլ իր հերթին մոտավորապես 1200 կգ հումք է անհրաժեշտ։ Ռուսաստանի ԱԳ նախարարությունում գտնում են, որ այս ծրագրի հաջողությունը դրական ձեւով կնպաստի իրանական միջուկային ծրագրի շուրջ տիրող իրավիճակի կարգավորմանը։