Ուկրաինայի Գերագույն ռադայի Յուլիա Տիմոշենկոյի խմբակցության պատգամավորներն առաջարկել են որոշ պատգամավորների զրկել անձեռնմխելիությունից, որպեսզի «Արտեկ» ճամբարում տեղի ունեցած հանցագործություններում մեղավորները համապատասխան պատիժ կրեն։ Յուլիա Տիմոշենկոյի խմբակցության ղեկավար Անդրեյ Կոժեմյակինի խոսքով՝ նմանատիպ նախաձեռնությունը կապված է «Արտեկ» մանկական ճամբարում տեղի ունեցած սկանդալի հետ։

Քննությունը բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրում է ճամբարի տարածքում երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ։ ՆԳ նախարար Յուրի Լուցենկոն, իր հերթին, հավաստիացրել է, որ անչափահասների պղծման գործում պատգամավորների մասին չի հիշատակվում։ Չնայած դրան՝ վերոնշյալ խմբակցությունն առաջարկում է դադարեցնել պատգամավորական անձեռնմխելիությունը։

«Կասկածներ կան, որ մեզ մոտ դեռ կհայտնվեն ազգային „մարդակեր“ պատգամավորներ, ազգային „ահաբեկիչ“ պատգամավորներ եւ „օրենքով գող“ պատգամավորներ: Այսօր մեզ ոչինիչ չի խանգարում վաղը առաջինը բարձրացնել այդ խնդիրը եւ չեղյալ հայտարարել ազգային պատգամավորների անձեռնամխելիության իրավունքը»,- ասել է Կոժեմյակինը:

Հարկ է նշել, որ այսօր Ուկրաինայում պաշտոնապես սկսվել է նախագահական ընտրությունների քարոզարշավը: Տեղի քաղաքագետների գնահատականներով, այն հավակնում է դառնալ աննախադեպ կեղտոտ, ինչի ապացույցը «Արտեկ» մանկական ճամբարում տեղի ունեցած զզվելի սկանդալն էր, ընդգծում է «Интерфакс»-ը: Վերջին մամուլի ասուլիսում քաղաքագետ Վիկտոր Նեբոժենկոն շատ շահարկված սեքսուալ սկանդալն անվանել էր հատուկ գործողություն:

Դրա վառ օրինակը նա համարում է «յուրաքանչյուր կես ժամը մեկ, կաթիլ առ կաթիլ նոր թեմաների տեղադրումը ԶԼՄ-ներում եւ Ինտերնետում»: