Թուրքիան տարածաշրջանում եւ միջազգային հարաբերություններում իրեն նույնացնում է նոր դերակատարի հետ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար, Հանրային խորհրդի անդամ Կարեն Բեքարյանը` պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված իսրայելա-թուրքական հարբերությունների սրումը:

Նրա խոսքերով, "Թուրքիան մրցակցության խնդիր ունի իսլամական, եւ հատկապես՝ արաբական աշխարհում գերիշխող դեր ստանձնելու հարցում, եւ Թուրքիային, իբրեւ աշխարհիկ պետության, Արեւմուտքն այդ հարցում աջակցում է:

Հարաբերությունները սրող երկրորդ գործոնը, ըստ Բեքարյանի` Թուրքիայի իշխող էլիտայի կողմից հասարակական որոշակի կարծիք ստեղծելու համար իրականացված պոպուլիստական քայլեր են՝ սկսած Դավոսի տնտեսական համաժողովից, մինչեւ վերջին ժամանակներս:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լքել էր Դավոսի տնտեսական համաժողովը այն բանից հետո, երբ դրան մասնակցելու համար ժամանել էր Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը: «Ես այլեւս չեմ գա Դավոս»,- ասել է Էրդողանը եւ նշել, որ Իսրայելի նախագահին տվել են 25 րոպե ելույթ ունենալու համար, իսկ իրեն մի քանի րոպե: Նա նաեւ խիստ քննադատել է Իսրայելին` Գազայում իրականացրած գործողությունների համար, ասելով` դուք լավ գիտեք, թե ինչպես սպանել մարդկանց:

«Եվրոպական ինտեգրացիա»-ի ղեկավարը, սակայն, հարաբերությունների լուրջ տեղաշարժեր չի տեսնում եւ համաձայն չէ մամուլում տեղ գտած այն գնահատականներին, թե վերջին իրադարձությունները խզում են ռազմավարական գործընկերներ Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները։

«Կարող ենք ունենալ իրավիճակ, երբ արձանագրենք կարճաժամկետ սրացում, եւ որից հետո ամեն ինչ գա իր բնականոն հունին։ Դա ոչ այնքան խորքային խզում է, որքան ժամանակավոր երեւույթ, որը վերականգնվելու հնարավորություն ունի»:

Նշենք նաեւ, որ երկու ռազմավարական դաշնակիցների` Թուրքիայի եւ Իսրայելի մեջ լարվածությունն ի հայտ եկավ հունվարից, երբ Թուրքիան խստորեն դատապարտեց Թել Ավիվի 22 տարի տեւող ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Երկու երկրների միջեւ հարաբերություններն էլ ավելի վատացան անցած շաբաթ, երբ Թուրքիան բացառեց Իսրայելի մասնակցությունը ամենամյա զորավարժություններին: