Հնդկաստանն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Այդ մասին հոկտեմբերի 19-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Աչալ Կումար Մալհոթրան՝ նախարարին հանձնելով իր հավատարմագրերի պատճենը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանն ու դեսպանը քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, առեւտրատնտեսական հարաբերությունների խթանմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն ու միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է նաեւ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: Այդ ենթատեքստում Աչալ Կումար Մալհոթրան Հնդկաստանի աջակցությունն է հայտնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: